Մշակվել է «Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն» նախագիծը։
Փաստաթուղթը դիտարկում է 5 ոլորտ՝ էներգետիկա, արդյունաբերական գործընթացներ, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում, թափոններ:
Երկարաժամկետ՝ մինչև 2050 թվականը, ՀՀ կառավարությունը նպատակ ունի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2.07 տոննա մեկ շնչի հաշվով:
Էներգետիկայի ոլորտը ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրն է։ 2017 թվականին էներգետիկայի ոլորտին բաժին է ընկել Հայաստանի ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 66.7%-ը։ Ոլորտի արտանետումների մեծ մասը՝ 77%-ը, առաջանում է հանածո վառելիքի այրումից:
Ամենամեծ ծավալով ջերմոցային գազերի արտանետումներ առաջացնող երկրորդ ոլորտը գյուղատնտեսությունն է` 18.5% մասնաբաժնով։ Ընդհանուր արտանետումների մոտ 5.84%-ն առաջանում է թափոնների ոլորտում։
Ածխածնի նվազեցման գործընթացում տնտեսությանն աջակցելու նպատակով՝ կառավարությունը նախատեսում է ներդնել ցածր ածխածնային արտանետումներով գործունեության պարտադիր հաշվառում՝ միջազգային ստանդարտների (օրինակ՝ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) ստանդարտների) կիրառման միջոցով: Կդիտարկվի ցածր ածխածնային և անածխածնային տեխնոլոգիաներ կիրառող սուբյեկտների համար ֆիսկալ խթաններ ներդնելու հնարավորությունը: Կառավարությունը նաև հանձնառու է մշակել «Կլիմա-արտաքին պարտք» հաշվանցման մեխանիզմ, որի նպատակն է ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ կլիմայի փոփոխության դիմակայմանն ուղղված գործողությունների համար:
Ռազմավարությունը դիտարկվում է երեք հիմնական սցենար, որոնց շրջանակներում Հայաստանը կիրագործի ցածր ածխածնային զարգացման իր նպատակները: Սցենարների մոդելավորման հիմքում դրված են այն ենթադրությունները, որ երկարաժամկետ պլանում Հայաստանի ՀՆԱ-ն աճելու է տարեկան միջինը 4%-ով, իսկ բնակչության թվաքանակը 2050 թվականին հասնելու է 5 միլիոնի:
Այս հրապարկման մեջ ներկայացնում ենք էներգետիկայի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար առաջարկված սցենարները:
«Առանց միջոցառումների» («ԱՄ») սցենարով ենթադրվում է ջերմոցային գազերի արտանետումների աճ բոլոր ոլորտներում:
«Միջոցառումներով» («Մ») սցենարը ներառում է բոլոր հինգ ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար իրականացվող և պլանավորվող միջոցառումները: Ըստ այս սցենարի՝ ջերմոցային գազերի արտանետումները կնվազեն միայն անտառային տնտեսության ոլորտում՝ պայմանավորված անտառածածկ տարածքի ավելացումով և ածխածնի կլանման կարողությունների ընդլայնմամբ:
«Լրացուցիչ միջոցառումներով» («ԼՄ») սցենարն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի ապահովել մինչև 2030 թվական ջերմոցային գազերի արտանետումների 40%-ով նվազում 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ և 2050 թվականի համար թիրախային ցուցանիշները:
Էներգետիկայի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը, ըստ ռազմավարության նախագծի, հնարավոր կլինի ապահովել վերականգնվող և ատոմային էներգիայի նոր հզորությունների գործարկման միջոցով:
«Մ» սցենարով արևային էներգիայի նպատակային հզորությունը 700 ՄՎտ է մինչև 2050 թվականը: Այս հզորությունը պետք է գործարկվի մինչև 2030 թվականը և պահպանվի հաջորդ 20 տարիների ընթացքում, որի արդյունքում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները կնվազեն 13 367 ԳգCO2համ. չափով:
«ԼՄ» սցենարով ենթադրվում է 1000 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների շահագործում մինչև 2030 թվականը՝ պահպանելով այդ հզորությունը 10 տարվա ընթացքում, և տարեկան լրացուցիչ 50 ՄՎտ հզորության գործարկում 2040 թվականից: 2050 թվականին արևային կայանների ակնկալվող դրվածքային հզորությունը պետք է կազմի 1550 ՄՎտ: 20 տարվա ընթացքում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները կնվազեն 22 248 ԳգCO2համ. չափով:
«ԼՄ» սցենարով պահանջվում է հողմային և հիդրոէներգիայի հզորությունների գործարկում՝ սկսած 2040 թվականից: Հողմային էներգիայի հզորություններն աճում են տարեկան կտրվածքով մինչև 610 ՄՎտ՝ 2050 թվականին հանգեցնելով ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների նվազեցմանը 8 348 ԳգCO2 համ. չափով: Հիդրոէլեկտրակայանների դրվածքային հզորությունը պետք է հասնի 430 ՄՎտ մինչև 2040 թվականը, ինչը թույլ կտա նվազեցնել ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները 11 129 ԳգCO2 համ. չափով:
«Մ» սցենարը ենթադրում է չվերահսկվող արտանետումների կրճատում 67.54%-ով 2050 թվականին՝ ապահովելով ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների նվազեցում 45 312 ԳգCO2 համ. չափով: «ԼՄ» սցենարն առաջարկում է մի փոքր ավելի քիչ նվազեցում՝ 66.87%-ով և ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների կրճատում 43 583 ԳգCO2 համ. չափով:
Թե՛ «Մ» և թե՛ «ԼՄ» սցենարների համար վճռորոշ է ատոմային էներգիայի դերը: Նախատեսվում է ավարտել ատոմակայանի շինարարությունը մինչև 2036 թվականը և սկսել վերջինիս շահագործումը։ Ըստ փաստաթղթի՝ ատոմակայանի հզորությունը 2036 թվականին կկազմի 212 ՄՎտ, իսկ 2050 թվականին այն կհասնի 1,060 ՄՎտ, ինչը թույլ կտա 2050 թվականին ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 3 675 ԳգCO2 համ. չափով կամ ընդհանուր առմամբ 15 տարվա ընթացքում՝ 48 946 ԳգCO2 համ. չափով։
Ռազմավարությունը մշակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ «Եվրամիությունը կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Այն մշակվել է ի կատարումն ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, Կիոտոյի արձանագրության և դրա Դոհայի փոփոխության, Փարիզյան համաձայնագրի։
աղբյուր: https://www.ecolur.org/hy/news/nuclear-energy/14755/
աղբյուր 2: https://www.e-draft.am/projects/5338/about