YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Ըստ նոր ռազմավարության նախագծի՝ ատոմային և վերականգնվող էներգետիկայի զարգացումը կկրճատի ջերմոցային գազերի արտանետումները

2023 թ. մարտի 16, հինգշաբթի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ամենաօրյա ռեժիմով իրականացնում է մթնոլորտային օդի որակի ուսումնասիրություն:

Վերջերս կենտրոնը ներկայացրել էր փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տեղեկատվություն, որում նշվում էր, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Zarkerak.am-ը զրուցել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի հետ հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված մայրաքաղաքում օդի մեջ փոշու մեծ քանակի պարունակությունը: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ Երևանում, ընդհանուր առմամբ, փոշու աղտոտվածությունը ոչ միայն վերը նշված ժամանակահատվածում, այլ, ընդհանուր առմամբ, բարձր է:

«Վերջին 5 տարիներին ավելացում ենք դիտել, բացառությամբ 2020-2021 թվականներին, երբ քովիդով պայմանավորված մեքենաների շարժն ու հանքարդյունաբերությունում իրականացվող աշխատանքները որոշակի դանդաղել էին: Մթնոլորտային օդում ունենք ոչ միայն փոշու, այլև ազոտի երկօքսիդի ավելացում: Մնացած տարրերի ու մասնիկների առումով փոփոխությունը կտրուկ չէ»,- նշում է Գայանե Շահնազարյանը:

Անդրադառնալով օդի փոշով աղտոտման պատճառներին հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը դրանցից մի քանիսն է առանձնացնում՝

«Երևանում օդի փոշով աղտոտման պատճառներից մեկը գոյություն ունեցող ոչ մետաղական հանքարդյունաբերությունն է, որտեղից քամու միջոցով փոշին տարածվում է մայրաքաղաքում: Հաջորդ պատճառը շինարարությունն է՝ Երևանում մեծ ծավալով շինարարություն է ընթանում և շինարարական նյութերի տեղափոխման, օգտագործման, շինհրապարակներում շինանյութի սխալ պահպանման արդյունքում այնտեղից ևս քամու միջոցով փոշին տարածվում է օդում: Մայրաքաղաքի փոշով աղտոտման պատճառներից է նաև սակավ կանաչապատ լինելը: Քաղաքի օդի մաքրման,զտման ու միկրոֆլորայի պահպանման համար պետք է կանաչապատ տարածքներն ավելացվեն»,- ասում է Գայանե Շահնարզարյանն ու ընդգծում, որ եթե շատ լինեին բուսածածկ տարածքներն ու այգիները, ապա առաջացած փոշու համար դրանք զտիչ դեր կկատարեին:

Նա առանձնացնում նաև Երևանում առկա խոշոր աղբավայրերը, որոնք ևս իրենց ազդեցությունն են թողնում մթնոլորտային օդի վրա:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը անդրադառնալով մեկ այլ՝ մանր փոշու գոյությանը, ընդգծում է, որ, չնայած այն մենք չենք տեսնում, բայց ահազանգերը շատ են՝ ելնելով արբանյակային տարբեր պատկերներից, որոնք, իհարկե, որոշակի հավաստիություն ունեն՝ բայց ոչ 100 տոկոսանոց ճշգրտություն.

«Դա շատ մանր փոշին է, որը առաջանում է ավտոտրանսպորտի արտանետուներից: Այն մարդու առողջության վրա բացասական է ազդում: Դրա պատճառները մենք իհարկե գիտենք՝ խցանումներ, միավոր տարածքում բավականին մեծ քանակով տրանսպորտի առկայություն, որի լուծման հիմնական ճանապարհը լավ հանրային տրանսպորտ ունենալն ու մեքենաների քանակը նվազագույնի հասցնելն է: Եվ, ուղղակի մեքենաների որակը. նոր մեքենաների կիրառությունը մեզ մոտ քիչ է և մեծ թիվ են կազմում հին մեքենաները, որոնք չունեն համապատասխան զտիչներ (կատալիզատորներ), որի հետևանքով էլ Երևան քաղաքի մթնոլորտային օդում մանր փոշի շատ է առաջանում»,- ասում է Գայանե Շահնազարյանը:

Անդրադառնալով հանրապետության մյուս բնակավայրերին, որտեղ ևս օդի մեջ փոշու պարունակությունը նորմայից բարձր է, Շահնազարյանն առանձնացնում է երկու հիմնական աղտոտված բնակավայրեր:

«Եթե հաջորդող աղտոտված քաղաքները դիտարկենք, ապա փոշով աղտոտվածություն ունենք Արարատում,Հրազդանում, որովհետև այդ քաղաքներում գործում են ցեմենտի գործարաններ, որոնց հետևանքով, ի տարբերություն մյուս քաղաքների, մենք ունենում ենք արդյունաբերությունից արտանետումներ: Ճիշտ է՝ մշտական չէ, բայց ունենք օրեր, որ բավականին գերազանցում են: Օրինակ՝ Արարատ քաղաքում փետրվարի 20-23-ն ունեցել ենք փոշու գերազանցում՝ մոտավորապես 2-3 անգամ»,- ասում է Շահնազարյանը:

Թե ինչպես պետք է օդի փոշով աղտոտման երևույթի դեմն առնել, ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը շեշտում է, որ նախ պետք է հետևողական լինեն, որպեսզի իրականացվող շինարարական աշխատանքերում նորմերը պահպանվեն.

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շատ խիստ հսկողություն է իրականացնում, հայտնաբերված դեպքերով տուգանքներ են կիրառվում: Սակայն, չպետք է հիմնվենք տեսչականի աշխատանքների վրա. մարդը ցանկացած գործունեություն իրականացնելիս պետք է մտածի իր շրջապատի մասին:Բացի դա, հաջորդ կարևոր կանխարգելիչ միջոցը բուսական տարածքների ավելացումն է Երևան քաղաքում, առանց որի հնարավոր չէ այս իրավիճակը շտկել»,-ընդգծում է Շահնազարյանը:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորիա Բուռնազյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ Երևանում օդի աղտոտման հիմնական աղբյուրը Երևանում գործող 20-ից ավելի ոչ մետաղական հանքերն են, իրականացվող շինարարությունը, էրոզացված հողերը, կանաչապատ տարածքների բացակայությունը:

0.jpg

Վիկտորիա Բուռնազյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ օդում առկա փոշու պարունակության մեջ մի շարք տարրեր կան, որոնք մարդու համար վտանգավոր են:

«Մենք տեսանք, որ մեր հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն արդեն մի քանի տարի շարունակ հրապարակել է փոշու մեջ մետաղների պարունակությունն ու այստեղ քիմիական տարրերի մի ամբողջ փունջ կա: Ամենամեծ խտությունն ունեն պղինձը, նիկելը, մոլիբդենը, կա նաև կապար, տիտան, քրոմ, մկնդեղ, կոբալտ և մի շարք այլ տարրեր, որոնք առողջության համար վտանգավոր են»,- շեշտում է Բուռնազյանը:

Նրա խոսքով, պետք է մեծ ջանքեր գործադրվեն կանաչ տարածքներ ստեղծելու համար, բացի այդ պետք է իրականացվեն խիստ վերահսկողական աշխատանքներ.

«Վերահսկողական աշխատանքներ իրականացվում են, բայց ինչպես տեսնում ենք արդյունքները գոհացուցիչ չեն: Վերահսկողություն պետք է իրականացվի որպեսզի բոլոր նորմերը շինարարության ու հանքարդյունաբերության ժամանակ պահպանվեն: Հանքերի մոտ պետք է ծառաշերտեր լինեն, որոնք պետք է պաշտպանեն, որպեսզի փոշին չգա քաղաքի վրա, բուֆերային գոտին պետք է կանաչապատվի ամբողջությամբ, վերահսկողությունը խիստ պետք է լինի, որպեսզի խախտումներ չլինեն և մենք կարողանանք այս խնդիրն ինչ-որ չափով կարգավորել»,- ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահը:

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանն էլ Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է, որ ըստ ԱՀԿ տվյալների աշխարհում տարեկան 7 մլն մարդ մահանում է օդի ավազանի աղտոտվածության հետևանքով:

02.jpg

Մասնագետի խոսքով, օդի աղտոտվածությունը կարող է նպաստել շնչառական համակարգի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, ալերգիկ հիվանդությունների, բնածին արատների զարգացմանը, ինչպես նաև այն վտանգավոր է հղի կանանց համար, կարող է ազդել պտղի զարգացման վրա, իսկ հետագայում՝ երեխայի առողջության վրա: Իսկ ըստ ԱՀԿ տվյալի սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված մահացության դեպքերի 25 տոկոսում օդի աղտոտվածություն մեծ դեր է խաղում։

03.jpg

«Վերջերս մեր ամբիոնում կատարվել էր աշխատանք, որը փաստում էր, որ չարորակ նորագոյացություններով ծանրաբեռնվածությունը Երևան քաղաքում 65 տոկոսով ավելացել է, իսկ սա միանշանակ խնդիրներից մեկն է, որը փոխկապակցված է օդի ավազանի որակի հետ»,- ասում է Քրիստինա Վարդանյանն ու ընդգծում, որ ցավոք, եթե մենք կարող ենք շատ բանից պաշտպանվել, ապա օդի ավազանի անմխիթար վիճակից այսօր պաշտպանվել չենք կարող:

Նրա խոսքով, շնչառական համակարգ մուտք գործած նյութերն ամենամեծ ազդեցությունն են գործում օրգանիզմում, որովհետև անմիջապես արյան մեջ են մուտք գործում:

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտի փոխանցմամբ՝ Երևանում բարձր է նաև PM2,5 մասնիկների՝ մանր փոշու պարունակությունը, իսկ սրանք առավել վտանգավորներն են, որովհետև շնչառական համակարգի ամբողջ ուղիով՝ առանց ճանաչվելու անցնում ու հասնում են թոքի ստորանիստ հատվածներ, առաջացնում են բորբոքումներ և անմիջապես արյան մեջ են ներծծվում: Քրիստինա Վարդանյանն ընդգծում է, որ պետական մակարդակով լուրջ աշխատանքներ պետք է տարվեն օդի ավազանը նման աղտոտումներից ազատելու համար:

Ինչ վերաբերում է անհատական պաշտպանությանը, մասնագետը խորհուրդ է տալիս տանը օդը խոնավեցնող սարքեր օգտագործել: Մշտապես բնակարանների խոնավ մաքրում պետք է անել, որովհետև օդի ավազանն անընդհատ աղտոտված է: Բացի այդ, կարելի է սենյակում ունենալ սենյակային տարբեր բույսեր, որոնք նույնպես օդի ավազանի մաքրման աշխատանք կիրականացնեն:

աղբյուր: https://www.ecolur.org/hy/news/air/14751/

աղբյուր 2: https://zarkerak.am/show/51974?fbclid=IwAR0lLAJ82lqutA37aRF-rjFGtHR401h6t51TEEJA2eO5nLIR9iO2g49fzxQ

Հայաստանում թափոնների առանձին հավաքագրման քարտեզ, 2022

Կոնտակտներ

Հեռախոսահամար+37491010678