«Այն կանաչ դիմագիծը, որն ունի Երևանը, 21-րդ դարում հարիր չէ մայրաքաղաքին։ Մենք ունենք ոչնչացված մի շարք քաղաքային անտառներ, դեֆորմացված ծառատեսակներ։ Պետք է հնարավորինս արագ վերականգնել այդ անտառները, փոխարինել ոչ կենսունակ, անպիտան ծառերը։ Խնդիրը հրատապ լուծում է պահանջում, որովհետև Երևանում օդի աղտոտվածության դեմ պայքարելու հիմնական միջոցը կանաչ տնկարկներն են։ Սա կարևոր է մեր քաղաքացիների առողջության, ինչպես նաև քաղաքի դեկորատիվ տեսքի համար»:
Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ ս․թ․ փետրվարի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ։
Գիտաժողովին մասնակցեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
«Մենք ստացել ենք ճնշված, վերացած կանաչ միջավայր։ Մեր կանաչ ֆոնդի շուրջ 50%-ն այլևս չի կատարում իր գործառույթը: Երևանում կսկսվի ծառերի փոխարինում, արդեն իսկ կայացած տասնամյա ծառերի մասին է խոսքը: Պլանավորում ենք այս տարի շարունակել անտառտնկման ծավալուն աշխատանքները, որոնք սկսվել են նախորդ տարվանից: Նպատակ է ոչ միայն վերականգնել կանաչ տարածքները, այլ եռապատկել, քառապատկել դրանք», — ասաց Տիգրան Ավինյանը:
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից
Փոխքաղաքապետը նշեց, որ բացի կանաչ տարածքների կորստից Երևանում օդի աղտոտվածության վրա ազդում են բաց հանքավայրերը, շինարարությունը, ավտոտրանսպորտը։ «Օդի աղտոտվածության վիճակը մեզ պարտադրում է գործուն քայլեր կիրառել», — շեշտեց Տիգրան Ավինյանը։
Արմեն Բեգոյանը նշեց, որ տնկվելու են արդեն կայացած ծառեր, քանի որ «բաց թողածը սովորական տեմպով չեն կարող լրացնել»։ «Ժամանակ այլևս չունենք, 2000 դրամի փոխարեն 70000 հազար կվճարենք, կբերենք 10 տարեկան ծառ։ Աշխատանքները ծավալուն են, իմ գնահատմամբ կտևեն 10 տարի», — նշեց Արմեն Բեգոյանը։
Ծառերի փոխարինման գործընթացը պետք է իրականացվի աստիճանաբար։ Նշվեց, որ օրհասական է ինվազիվ ծառերի հեռացումը։ Աշխատանքները կմեկնարկեն Կենտրոն վարչական շրջանից։ Ամենախնդրահարույց փողոցն Ամիրյանն է։ Ըստ Արմեն Բեգոյանի՝ Հանրապետության Հրապարակ կվերադարձվեն գնդաձև թեղիները։ Գնումներն արդեն կատարվել են։ «Մայրաքաղաքի խորհրդանիշը մնում է սոսին», — շեշտեց Արմեն Բեգոյանը։
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից
Նա խոստացավ, որ Երևանյան զբոսայգիների ապօրինի զավթված հատվածները փուլ առ փուլ վերականգնվելու են: Ծառերի փոխարինմանը զուգահեռ ծրագրեր կիրականացվեն ոռոգման համակարգի վերականգնման, անտառպուրակներ հիմնելու նպատակով:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը ներկայացրեց Երևանի դենդրոֆլորայում առկա խնդիրների բարելավման ուղիները։ «20-րդ դարի 20-ական թվականներին հիմնված կանաչ տնկարկներում ծառերը ներկայում 80-ից 100 տարեկան են։ Մեր կազմակերպության կողմից 3 տարիների ընթացքում Երևանում հատվել է 3596 ծառ։
Մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներում քաղաքաշինական նորմերի խախտումների հետևանքով փողոցային տնկարկներում աղճատվել, փոփոխվել է ծառերի տեսակային կազմը, խախտվել է լուսային և սննդային ռեժիմը։ Ծրագրել ենք մոտակա տարիներին մաս առ մաս փողոցային տնկարկներում առկա գեղազարդությունը կորցրած, տձև սաղարթով թեղիները, հացենիները և նմանատիպ այլ տեսակներ փոխարինել գեղազարդ նոր խոշոր ծառատեսակներով:
Երևանի դենդրոֆլորան կլիմայական պայմանների թողտվությամբ կհարստանա մշտադալար և ասեղնատերևավոր ծառատեսակերով՝ եղևնի, սոճի, գիհի, կենսածառ, թույա, մահոնիա, տոսախ, իլենի ճապոնական:
Փողոցային տնկարկների այն հատվածներում, որտեղ բացակայում են շինությունները, նախատեսվել է անցում կատարել դեպի, պուրակ, բուլվար կամ զբոսայգի, օրինակ՝ Մոսկովյան փողոցից դեպի օղակաձև այգու 1-3 հատվածներում, Խանջյան փողոցից դեպի օղակաձև այգու 5-6 հատվածների որոշ ենթահատվածներում և այլն: Նեղ մայթեր ունեցող փողոցներում՝ Նալբանդյան, Արամ, Բուզանդ, նախատեսվում է օգտագործել փոքրասաղարթ ծառատեսակներ, պարտիզային ձևեր, երբեմն ծաղկող թփեր», — ասաց Արծվի Գրիգորյանը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Արմենակ Տեր-Գրիգորյանը խոսեց Երևանում ծառերի վնասատուների և հիվանդությունների մասին։ Ծառաթփատեսակների վարակվածության աստիճանով առաջատարները Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններն են։
Նշենք, որ Երևանը գտնվում է էկոլոգիապես ճգնաժամային իրավիճակում։ Կանաչապատման գործընթացում ամենակարևորը պաշտպանական գործառույթն է՝ որքանով են ծառերն ընդունակ կլանել օդում պարունակվող վնասակար նյութերը, պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից, նաև որքանով են նրանք դիմակայուն արտաքին բացասական գործոնների նկատմամբ և, իհարկե, որքանով են նրանք բարելավում քաղաքի էսթետիկ տեսքը։
Երևանը 10 տարի անց՝ քաղաքապետարանի աչքերով
Գլխավոր լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից