YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և նոր աղբավայրի կառուցման մրցույթը չեղյալ է համարվել

2023 թ. փետրվարի 15, չորեքշաբթի

2022թ. սեպտեմբերի 1-ին չեղյալ է համարվել «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման վերաբերյալ հայտարարված մրցույթը: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ ներկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվում է վերոհիշյալ մրցույթի չկայացման պատճառների վերհանման ուսումնասիրություն, ինչպես նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ նոր հայտարարվելիք մրցույթի ձևաչափը և չափորոշիչները սահմանելու նպատակով:

Սույն թվականի փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվեց, որ «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում ՎԶԵԲ-ի կողմից վարձված խորհրդատուն արդեն Հայաստանում է, նրա կողմից ուսումնասիրվել է առկա իրավիճակը, և մեկնարկային հաշվետվությունը նախատեսվում է ստանալ մինչև ապրիլ ամիսը:

Նշենք, որ «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 8 միլիոն եվրոյի վարկ, Եվրոպական ներդրումային բանկը՝ 8 միլիոն եվրոյի վարկ, Եվրոպական միությունը՝ 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ, Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P)՝ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ:

աղբյուր: https://www.ecolur.org/hy/news/cities/14687/

Հայաստանում թափոնների առանձին հավաքագրման քարտեզ, 2022

Կոնտակտներ

Հեռախոսահամար+37491010678