Հայաստանում ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության համար անհրաժեշտ է իրականացնել 26 առաջնահերթ միջոցառում։ Դրանք սահմանված են ՀՀ կառավարության հաստատած «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկ»-ում։
Փաստաթղթով նախատեսվում է իրականացնել առաջնահերթ 6 ջրամբարների կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և շինարարության մեկնարկ՝ Արգիճիի (5,5 մլն մ3), Աստղաձորի (1,25 մլն մ3), Լիճքի (1.17մլն մ3), Ելփինի (1մլն մ3), Արթիկի (1.69մլն մ3), Քասախի (12մլն մ3)։ Առաջարկվում է Սևանա լճի օրենսդրական կարգավորումների վերանայում՝ կլիմայի փոփոխության համատեքստում լճի էկոհամակարգի պահպանման և վերականգնման նպատակով, Սևանի ջրավազանային կառավարման տարածքի և Արարատյան դաշտի համար հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական մոդելների մշակում և ներդրում։
2022-2026 թվականներին նախատեսվում է նաև 14 նոր հիդրոլոգիական դիտակետերի կառուցում, մաքրված կեղտաջրերի որակի ստանդարտների վերանայում, Արարատյան դաշտում մաքրված կեղտաջրերի ոռոգման նպատակներով վերաօգտագործման պիլոտային ծրագրերի իրականացում, ջրի բաշխման մեխանիզմների սահմանում Քասախի գետավազանում, հեղեղումների ռիսկի կառավարման պլանների մշակում, երաշտների համար արտակարգ իրավիճակների պլանի մշակում, ջրի վերաօգտագործման պրակտիկան խթանելու օրենսդրական փոփոխությունների իրականացում, իրազեկվածության բարձրացման արշավների իրականացում և կարողությունների զարգացում ջրամատակարարման հասանելիության տեսանկյունից խոցելի և մեկուսացված խմբերի շրջանում։
26 առաջնահերթ միջոցառումների իրականացման նախնական ծախսերի նախահաշիվը կազմում է մինչև 51,3 միլիարդ ՀՀ դրամ։ Փաստաթղթում նշված է, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ մասնավոր հատվածն առանձին չեն կարող ֆինանսավորել բոլոր կարիքները: Պետք է լինի արդյունավետ համագործակցության կառուցվածք հարմարվողականության միջոցառումները ֆինանսավորելու համար:
Նշենք, որ կլիմայի փոփոխության հետևանքով կանխատեսվում է գետային հոսքերի նվազում, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նաև ջրի որակի վատթարացմանը։ Կլիմայի փոփոխությունը կազդի Սևանա լճի ավազանի վրա: Ըստ ՀՀ չորրորդ ազգային հաղորդագրության կանխատեսվում է, որ Սևանա լիճ տարեկան գետային ներհոսքը մինչև 2100 թվականը կկրճատվի 17.5-33.8%-ով
կախված սցենարից: Արդեն իսկ նկատելի է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը Սևանա լճի վրա, որն ուղեկցվում է նաև մարդածին ճնշումներով։
«Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը» մշակվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակներում։