Գետառ և Ողջաբերդ գետերից Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխաատակիցները շուրջ 4000 խմ աղբ են դուրս բերել, այդ թվում՝ կենցաղային ու շինարարական աղբ, անգամ` ներքնակներ: Այդ ամենը տեղափոխվել է աղբավայրեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Աշխատանքները տարվում են Ավան և Էրեբունի վարչական շրջաններում: «Աշխատանքները մեկնարկել են մարտի սկզբից: Գետառի և Ողջաբերդի ամբողջ երկայնքով, որը կազմում է մոտ 19 կմ, նախատեսվում է մինչև ապրիլի երկրորդ կես աշխատանքներն ավարտել: Աղբի ծավալաներն ամեն տարի չեն նվազում, դրա համար պետք է խնդրենք մեր բնակչությանը, որպեսզի չաղտոտեն գետերը, որովհետև դրանք մեր էկոհամակարգի համար մեծ նշանակություն ունեն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Ըստ հաղորդագրության՝ մաքրման աշխատանքները կարևոր են ոչ միայն մաքրության ապահովման, այլև ջրի անարգել հոսքն ապահովելու համար: Գետերի հուներում կուտակվում է նաև մեծաքանակ տիղմ, որը դուրս չբերելու դեպքում ամռան ամիսներին գարշահոտությունը կտարածվի հարակից տներ ու շենքեր:
Աղբը չսահմանված վայրերում թափելու համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ գործող օրենսգրքով նախատեսվում է տույժ՝ 20-300 հազար դրամի սահմաններում: Ըստ հաղորդագրության՝ այժմ քաղաքային իշխանությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություն՝ տույժերի չափը բարձրացնելու համար:
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
աղբյուր https://www.ecolur.org/hy/news/cities/14795/
աղբյուր 2 https://www.yerevan.am/hy/news/erewanov-ants-nogh-geteri-hownere-mak-rvowm-en/