YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

ԷկոԼուրի հարցումն ու Գյումրու համայնքապետարանի պատասխանը «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների վերաբերյալ

2023 թ. ապրիլի 4, երեքշաբթի

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2023թ. մարտի 20-ին նամակով դիմել էր Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին՝ պարզելու, թե «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում ինչ միջոցառումներ են իրականացվել Գյումրիում:

Հարցման մեջ նշված է.

«Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Գյուրիում իրականացվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը, ըստ ՎԶԵԲ-ի կայքի, 21.9 միլիոն եվրո է, որից 14,6 միլիոն եվրոյի սուվերեն վարկ տրամադրել է ՎԶԵԲ-ը:

Ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի համաձայն՝ նախատեսվել են Գյումրու Երևանի մայրուղի, Գարեգին Նժդեհի պողոտա, Վազգեն Սարգսյանի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Սայաթ-Նովայի փողոց գլխավոր փողոցների, Ն.Ղորղանյան, Վարպետաց, Ջիվանու, Կոմիտասի, Գերցենի երկրորդային փողոցների, Մուշ II ճանապարհի, Ազնավուրի և Հայուհու հրապարակների վերանորոգման և էներգախնայող լամպերով լուսավորության արդիականացման, ջրահեռացման համակարգերի վերականգնման աշխատանքներ, հետիոտնային մայթերի վերականգնման աշխատանքներ:

2021թ. դեկտեմբերի 9-ի 2017-Ն ՀՀ կառավարության որոշմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2022 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարելու նպատակով Գյումրու ընտրված փողոցների՝ ներառյալ հետիոտնային անցումների ցանցի և ջրահեռացման համակարգը վերակառուցման համար ՀՀ կառավարությունը տրամադրեց 948 միլիոն 312.8 հազար դրամ, իսկ 2022թ. նոյեմբերի 3-ի 1695-Ն որոշմամբ` 325 միլիոն 129 հազար դրամ, որից 275 միլիոն 697 հազարը դրամաշնորհ՝ ուղիղ վճարումներ կատարելու նպատակով և 49 միլիոն 433 հազար դրամը՝ որպես համաֆինանսավորում: Գումարները նախատեսված են շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման համար:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկացնել.

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման փաստաթղթում նշված բոլոր փողոցները վերանորոգովե՞լ են, թե՞ կան փողոցներ, որոնց վերանորոգումն ու լուսավորության արդիականացման աշխատանքները շարունակվում են և ավելացե՞լ են նոր փողոցներ: Եթե դեռ կան վերանորոգվող փողոցներ, խնդրում ենք նշել դրանք: ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով ի՞նչ շենք-շինություններ են վերանորոգվելու, ի՞նչ մեքենա-սարքավորումներ են ձեռք բերվելու և ի՞նչ նպատակով: Որքանո՞վ են կրճատվել ջերմոցային գազերի արտանետումները «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի մեկնարկից ի վեր»: ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան՝ Գյումրու համայնքապետարանից 2023թ. մարտի 24-ին նամակով հայտնել են.

«- «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունում ներկայացված փողոցներում և հրապարակներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներն աավարտվել են: Նշված փողոցների ու հրապարակների հիմնանորոգումն իրագործվել է Ծրագրի Ա Տրանշի շրջանակներում: Հիմնանորոգված բոլոր փողոցներում 2021թ. տեղադրվել են լուսադիոադային լուսատուներ, բաացառությամբ Վարպետաց, Ջիվանու, Աբովյան և Ղորղանյան փողոցների, որտեղ ճարտարապետական տեսքին համահունչ տեղադրվել են դեկորատիվ հենասյուներ և լուսատուներ: Նորոգվել են նշված փողոցների ջրահեռացման համակարգերը և կատարվել է ճանապարհային կահավորում:

  • Հարցման մեջ նշված կառավարության որոշումների համաձայն տրամադրված միջոցներով իրականացվել են Գյումրու քաղաքի թվով 22 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգման աշխատանքները՝ Ծրագրի Բ Տրանշի երեք չափաբաժինների շրջանակներում, ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Առաջին երկու չափաբաժիններով հիմնանորոգվել են Դաշտենց, Սունդուկյան, Աթարբեկյան, Մատնիշյան, Մազմանյան (Գորկու փողոցից մինչև Տերյան), Մազմանյան (Տերյան փողոցից մինչև առաջին գերազմանատուն), Թումանյան, Պուշկին, Մյասնիկյան, Մայակովսկի, Օզանյան, Տեր-Գաբրիելյան փողոցները, Կարսի խճուղին, Կարսի խճուղու առաջին նրբանցքը, Երևանյան խճուղու Այգաբաց 4-րդ շարքը, իսկ երրորդ չափաբաժնով՝ Կայարանամերձ հրապարակը, Արագած թաղամասի մեկ փողոց, Մուսայելյան, Ռուսթավելի, Շինարարների, Տիմիրզայեև փողոցները, Ե/Գ բանավան տանող Գարեգին Ա փողոցը մինչև մանկապարտեզ և Շարա Տալյան փողոցի միջնամասը: Նշված բոլոր փողոցներում և հրապարակում արդիականացվել է փողոցային լուսավորության համակարգը: Նորոգվել կամ լիովին փոխարինվել են նշված փողոցների ջրահեռացման համակարգերը, կատարվել է ճանապարհային կահավորում:

  • Ծրագրի շրջանակներում ջերմոցային գազերի արտանետումների ծավալների նվազեցման գնահատում նախատեսված չէ»:

աղբյուր https://www.ecolur.org/hy/news/cities/14799/

աղբյուր 2 https://e-gov.am/gov-decrees/item/37406/

աղբյուր 3 https://e-gov.am/gov-decrees/item/39249/

Հայաստանում թափոնների առանձին հավաքագրման քարտեզ, 2022

Կոնտակտներ

Հեռախոսահամար+37491010678