YRVN logoԷկո նախագծեր Հայաստանում

ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը մտահոգ է Ամուլսարի հանքի վերագործարկման՝ իշխանությունների մտադրության կապակցությամբ

2023 թ. ապրիլի 19, չորեքշաբթի

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մտահոգ է Ամուլսարի հանքի վերագործարկման կապակցությամբ:

Պլատֆորմի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հուշագրի համաձայն՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կառավարությանը նվիրաբերել է իր բաժնետոմսերի 12,5%-ը, ինչի շնորհիվ Կառավարությունը կորպորատիվ քաղաքականության վերաբերյալ պարտավորություններ է ստանձնել Ամուլսարի ծրագրի իր գործընկերների՝ Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիայի» հետ միասին։

Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ վերագործարկվում է մի ծրագիր, որի կապակցությամբ հայաստանյան եւ եվրոպական քաղաքացիական հասարակության մասնագիտացված հեղինակավոր ներկայացուցիչներ բացասական գնահատական են տվել մարդու հիմնարար իրավունքների պահպանման առումով, և այն ճանաչել է որպես տնտեսապես անկայուն և կործանարար տեղի համայնքների և շրջակա միջավայրի համար: Այսպես, 2022թ. հունիսին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, «CEE Bankwatch Network» միջազգային ցանցը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ներկայացրել են «Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ և բնապահպանական անփութություն ոսկի որոնելիս» զեկույցը: Զեկույցում առկա են բազմաթիվ վկայություններ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում իրավունքների լայն շրջանակի լուրջ խախտումների մասին՝ նյութական և ընթացակարգային բնապահպանական իրավունքներից մինչև տուժած անձանց և համայնքների սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքները: Ավելին, կան արդարադատության և իրավական պաշտպանության միջոցների զգալի խոչընդոտների օրինակներ այն իրավատերերի համար, ովքեր մինչ այժմ անհաջող կերպով փոխհատուցում են պահանջել դատական և արտադատական մեխանիզմների միջոցով:

Գոյություն ունեն համոզիչ ապացույցներ, որ Հայաստանի կառավարությունը Ամուլսարի խնդրի շուրջ բազմիցս խախտել է միջազգային իրավունքը եւ չի պաշտպանել մարդու առողջության և առողջ շրջակա միջավայրի, խաղաղ հավաքների, խոսքի, տեղեկատվության ազատության, որոշումների կայացմանը մասնակցության և արդարադատության մատչելիության իրավունքները: Թեև մարդու իրավունքների այս խախտումների մեծ մասը կատարվել է պետության կողմից մինչև 2018թ. Թավշյա հեղափոխությունը, ցավոք, նոր կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել ո՛չ շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության, ո՛չ տեղական համայնքներում մարդկանց իրավունքների պաշտպանության, ո՛չ էլ նախկին խախտումները վերացնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողների և Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի զեկույցները կոչ են անում հայկական պետությանը ապահովել Ամուլսարի նախագծի վերաբերյալ բովանդակային խորհրդատվություն: Բացի այդ, Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 2020թ. զեկույցը պարունակում է Հայաստանի առաջարկությունները քաղաքացիական և քաղաքական իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև խնդրում է պետությանը «մանրամասն տեղեկատվություն տրամադրել Ամուլսարի ոսկու հանքի շուրջ կոռուպցիոն մեղադրանքների մասին»:

Մենք նաեւ մեր տարակուսանքն ենք հայտնում Ամուլսարի վերագործարկման ծրագրում Եվրասիական բանկի միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության կապիտալի ներգրավման կապակցությամբ, որում վերջինս ունի 44%-ոց բաժնեմաս: Դա Ռուսաստանից Հայաստանի առանց այն էլ անթույլատրելի մեծ կախվածության ավելացման, ինչպես նաեւ Հայաստանում գործող այս ձեռնարկության՝ հետագայում Եվրամիության եւ միջազգային այլ պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկեր է պարունակում:

Մենք դիմում ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմերին ներկայացնող ՀՀ կառավարությանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, ԵՄ անդամ-երկրների դեսպանատներին՝ հորդորելով աջակցություն ցուցաբերել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ մարդկանց և տեղի համայնքների իրավունքների պաշտպանության հարցում, գնահատել Հուշագիրը՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցները և Ամուլսարի ծրագրում իրավունքների խախտման բացահայտված փաստերը, նպաստել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ լայն հանրային քննարկումների անցկացմանը, և բացել Հուշագրի պայմանների, պարտավորությունների և այլ փակ փաստերի մասին տեղեկատվությունը, եթե այդպիսիք առկա են»:

աղբյուր https://www.ecolur.org/hy/news/mining/14831/